Սալիվանը ճնշում կգործադրի Իսրայելի վրա՝ Գազայ...

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը մտադիր է այս շաբաթ այցելել Իսրայել, Եգիպտոս եւ Կատար՝ այդ երկրների իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով Գազայի հատվածում հրադադարի հաստատման ուղղությամբ, մինչեւ Թրամփի իշխանության ստանձնումը։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Սալիվանի այցը Մերձավոր Արեւելք կսկսվի դեկտեմբերի 11-ին, իսկ նրա հանդիպումը Իսրայելի վաչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նախատեսված է հաջորդ օրը։ Դրանից հետո Սալիվանը կմեկնի Կահիրե եւ Դոհա, որտեղ տեղի իշխանությունների հետ կքննարկի այդ երկրների «միջնորդական ջանքերը» Գազայի վերաբերյալ բանակցություններում։ Պորտալի աղբյուրները նշել են, որ Սալիվանը մտադիր է այցի ընթացքում «ճնշում գործադրել» երեք երկրների ղեկավարների վրա, որպեսզի նրանք «հնարավոր ամեն բան անեն» շտապ հրադադարի հասնելու եւ պատանդների ազատման  համար։

Պորտալի աղբյուրների կարծիքով՝ անցած շաբաթ հրեական պետությունը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է համաձայնագի նոր տարբերակ։ Նրանց գնահատմամբ՝ ներկայում պաղեստինյան շարժումը «մեծ ճկունություն» է ցուցաբերում եւ պատրաստակամ է սկսել թարմացված համաձայնագրի իրականացումը։ «Մինչեւ վերջերս Իսրայելում կարծում էին, որ ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում գործարք [կնքել]։ Հիմա, թվում է, առաջընթաց է նկատվել, ՀԱՄԱՍ-ը գուցե փոխել է դիրքորոշումը»,- պորտալին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պորտալի աղբյուրները Իսրայելի ղեկավարությունում կարծում են, որ «կա առաջիկա ամիսներին համաձայնության հասնելու» շանս Գազայում հրադադարի մասին։ Ինչպես լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին, չի կարելի ասել, սակայն, որ հակամարտության կողմերը այժմ «մի քայլ են հեռու գործարքի կնքումից»։ Նրա խոսքով՝ դրան խոչընդոտում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը, սակայն ԱՄՆ-ը «զգալի ճնշում է գործադրում»՝ արագ հրադադարի հասնելու նպատակով։