ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Politik.am-ը լսել է ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանի մեկնաբանությունը՝ հանդիպման հնարավոր ակնկալիքների վերաբերյալ: Անդրադառնալով հարցին, թե ինչ էական բան կարող է լինել Արցախը բանակցային կողմ դարձնելու համար, Ասատրյանը ասում է.
«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է հայտարարում Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին, Արցախում կազմակերպեց Անվտանգության խորհրդի նիստ՝ դա ևս մեկ անգամ հայտարարելու համար: Իմ կարծիքով՝ այդ հանդիպմանը անպայման պետք է քննարկվի այդ հարցը, բայց թե էական ինչ-որ փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, ժամանակի հարց է: Մեկ հանդիպումով դժվար կարգավորվի, քանի որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին ավելի ակտիվ հայտարարություն է տարածում դրա դեմ, նույնիսկ տեղ չի թողնում, որ շահերի բախում լինի: Անկանխատեսելի հակառակորդ ունենք, ու հստակ չենք կարող ասել՝ այս հանդիպան ընթացքում ինչ որոշում կկայացվի: Պետք է տեսնենք, թե երկուսիս պնդումներից ո՞րը կամ ինչքանո՞վ կիրականանա: Ոչ մեկինն էլ 100%-ով չի իրականանա, տոկոսային հարաբերություն է կարևոր»:
Հարցին, թե Փաշինյան-Ալիև նախորդ 3 հանդիպումներից այս մեկն ինչո՞վ կտարբերվի, վերլուծաբանն ասում է.«Նախորդ հանդիպումները ծանոթության, ճանաչողական բնույթի էին, չեմ կարծում՝ լուրջ բան քննարկված կլինի: Այս հանդիպումը հիմք կլինի ծանոթությունը ամրացնելու և հետագա բանակցություններին նախապատրասվելու»:
Երկու ժողովուրդներին խաղաղությանը նախապատաստելուն անդրադառնալով՝ Ասատրյանն այսպիսի կարծիք է արտահայտում.«Ադրբեջանում երբեք չեն ասել՝ խաղաղության պատրաստ չենք, ուզում ենք պատերազմ, պարզապես խաղաղության մասին իրենք իրենց պատկերացումն ունեն, մենք՝ մերը, իրենք իրենց պահանջն են փորձում առաջ տանել, մենք՝ մերը»:
Սահմանին իրավիճակի լարման փորձերը ռազմական վերլուծաբանը կապում է հանդիպման հետ.«Ալիևը միշտ փորձում է ցանկացած բանակցությունից առաջ ցույց տալ, որ ինքը կարող է իրավիճակին տիրապետել ու ցանկացած պահի սահմանին իրավիճակ լարել»:
Մարիամ Սարգսյան



