Սահմանի անվտանգությունը ապագայի անվտանգությու...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանապահ զորքերի տոնական միջոցառմանը իր ելույթում նախ շնորհավորեց տոնի կապակցությամբ.

«Սահմանն ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ, գտնվում ես տնից հեռու, որից մեկ մետր այս կողմ զգում ես, ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները: Սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, արևի տակ, մեր ապագան»,- ասաց վարչապետը:

Վարչապետը կարևորեց Սահմանապահ ծառայության և Սահմանապահի օրվա նշանակությունը, ապա ասաց՝  այսօր նշվում է Սահմանապահի օրը` նկատի ունենալով առաջին հերթին ԱԱԾ-ին, ԱԱԾ սահմանապահ զորքերին.

«Ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն, որն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, ՀՀ ԶՈւ, ոստիկանության զորքերի ծառայողները և այսօր ՀՀ-ում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղը կամ բնակավայրն է: Այս տոնը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև ԶՈւ համար, ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, անկախ նրանից՝ Երևանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, ապագայի անվտանգությունը»,- նշեց վարչապետը: