Սահմանային շերտում ուսումնասիրության կամ արդյ...

Սահմանային շերտում ուսումնասիրություն կամ արդյունահանում իրականացնելու դիմումներին կից պարտադիր կդառնան ԱԱԾ, ԱԳՆ, ՊՆ, իսկ մաքսային հսկողության գոտում՝ նաև մաքսային մարմնի համաձայնությունները։

Այս մասին  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը՝ ներկայացնելով «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը խստացնում է սահմանային շերտում և սահմանային գետերի ափերին հանքագործական գործունեության կարգավորումը։

«Ներկայացված նախագծերով առաջարկվում է դիմումին կից ներկայացնել Ազգային անվտանգության ծառայության, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտների, իսկ մաքսային գոտիներում նաև մաքսային մարմինների համաձայնությունները»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ սահմանվում է լիակատար արգելք սահմանային գետերի հունից ավազ (այդ թվում՝ ավազակոպճային/ավազակոպճագլաքարային խառնուրդ) արդյունահանելու վրա։  Տուգանք՝ 20 մլն դրամ, իսկ կրկնվելու դեպքում՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցում։

«Գետի հունից ավազի արդյունահանման արգելք է սահմանվել, կրկնելու դեպքում ընդերքօգտագործման իրավունքը ենթակա է դադարեցման»,— ընդգծեց փոխնախարարը։

Փաթեթը միտված է կանխելու գետերի հուների փոփոխության ռիսկերը (այդ թվում՝ Արաքսում) և սահմանային էկոհամակարգերի ու անվտանգային ռիսկերի նվազեցումը։ Կառավարությունը ենթաօրենսդրական ակտերը կսահմանի մինչև 8 ամսում, իսկ գործող ընկերությունները կունենան 90 օր՝ GPS և այլ պահանջներին ամբողջությամբ համապատասխանելու համար։