Սահմանադրական փոփոխությունը ՀՀ ներքին հարցն է...

Սահմանադրական փոփոխությունների մասին մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ սա բացառապես ՀՀ ներքին օրակարգն է: Այս մասին ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը:

Միրզոյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել են դեռ 2018 թվականից: «Ըստ ամենայնի, հաջորդ ընտրություններից հետո արդեն ձեռնամուխ կլինենք այդ փոփոխություններին: Այն ասպեկտով, որ ադրբեջանական կողմն է դնում հարցը, ես պետք է ասեմ հետևյալը՝ եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են, և նրանք անկեղծորեն տեսնում են խնդիրներ իրենց տարածքային ամբողջականության հետ կապված մեր Սահմանադրության մեջ, ապա այս մտահոգությունները փարատելու ամենաուղիղ ձևը խաղաղության պայմանագրի ստորագրելն է»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Միրզոյանը դա պարզաբանեց հետևյալ կերպ. «Մենք ունենք պայմանագիր, որտեղ գրված է, որ ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, համաձայն այն սահմանների, որը մեր երկու երկրների միջև գոյություն է ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին։ Հիմա այս ձևակերպումը ստորագրելուց հետո պայմանագիրը պետք է գնա Սահմանադրական դատարան: Վավերացման ընթացքում, եթե մեր Սահմանադրական դատարանն ասում է, որ սահմանների վերաբերյալ այս ձևակերպումը չի հակասում մեր Սահմանադրությանը, հարցը լուծված է»:

Միևնույն ժամանակ Միրզոյանը նշեց, որ մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ բան Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ:

«Հետևաբար, կրկին, մենք կարծում ենք, որ սա որևէ կերպ չպետք է լինի նախապայման խաղաղությունը վերջնականացնելու, պայմանագիրը ստորագրելու համար: Շփումները նաև այս ամեն ինչը միմյանց բացատրելու համար են: Այդ շփումները պարտադիր են և շարունակվելու են նաև առաջիկայում, և ես հույս ունեմ, որ ի վերջո այդ շփումները, այդ բանակցությունները կհանգեցնեն և պայմանագրի ստորագրմանը, և մնացած մյուս հարցերի լուծմանը»,- ասաց նա: