Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները...

Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են եւ հորինված: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը եւ քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։

Իրականում Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են եւ հորինված են բոլորովին այլ նպատակներով: Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի եւ անկանխատեսելի ցնցումների:

Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է, եւ մենք պարտավոր ենք այն հարգել, հետեւել սահմանադրության դրույթներին: Դրանով է նաեւ բնորոշվում իրավական պետությունը:

Սահմանադրության գերակայության ապահովումը սահմանադրական արդարադատության միջոցով իրականացնում է Սահմանադրական դատարանը, հետեւաբար Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորումը մեր պետության գերխնդիրը պետք է լինի: Չի կարելի այն վերածել քաղաքական կցորդի, դարձնել քաղաքական շահարկումների առարկա:

Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ կողմից որոշումներ ընդունելու կարողությունը չի կարող կախված լինել որեւէ այլ պետական մարմնից կամ պաշտոնատար անձից: ՍԴ լեգիտիմությունը չի կարող կախված լինել  քաղաքական իշխանությունից, նույնիսկ բարձր վարկանիշով ղեկավարներից, նույնիսկ այս պահի հանրային ընկալումներից:

Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ։ Թույլ տալ սա, նշանակում է թույլ տալ հաջորդ վտանգավոր զարգացումները։