
2025 թվականի ապրիլի դրությամբ գրանցված աշխատողների աշխատավարձի համախառն ֆոնդը Հայաստանում կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ։
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի ընդհանուր ֆոնդը կազմել է 94 միլիարդ 206 միլիոն դրամ։ Կրկնում եմ՝ սա բոլոր աշխատող քաղաքացիների գրանցված աշխատավարձերի հանրագումարն է։
2025 թվականի ապրիլին այս ցուցանիշը՝ 2018 թվականի ապրիլի համեմատ, աճել է 144 միլիարդ դրամով կամ 153 տոկոսով։ Այսինքն՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ գրանցված աշխատավարձերի ֆոնդը հասել է 238 միլիարդ 975 միլիոն դրամի, ինչը նշանակում է, որ 2018-ի համեմատ աշխատավարձային ֆոնդը 2.5 անգամ ավելացել է։
Սա մի թիվ է, որն, ըստ էության, դժվար է նույնիսկ մեկնաբանել։ Այս տարբերությունը պարզապես «շատի ու քչի» մասին չէ։ Սա տարբերություն է պետության և չպետության միջև»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը չի բացառում, որ այդ ընդհանուր թվի մեջ ներառված են ինչպես այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են ամսական 3-ից 4 միլիոն կամ նույնիսկ ավելի, այնպես էլ նրանցը, որոնք ստանում են 80 հազար դրամ, կամ աշխատում են կես կամ մեկ քառորդ դրույքով և համապատասխանաբար ստանում են ավելի քիչ։