Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հանդես է եկել Երևանում 2015 թվականից գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու նախաձեռնությամբ:
Երևանի ավագանու արտահերթ նիստում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն առաջարկեց Երևանին պատկանող դպրոցն անվանափոխել:«Ավագանու անդամի խոսքով` անվանափոխության անհրաժեշտությունն առաջացել է Իրինա Ռոդնինայի՝ Բաքվում արած հայտարարությունից հետո.
«Բաքվում հանկարծ նա դարձել է «ցեղասպանագետ»՝ խոսելով հայերի գործած «հանցանքների», Խոջալուի դեպքերի մասին միջազգային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտության մասին:Հարցազրույցներ է տվել նաև այդ հարցի շուրջ: Վերջին շաբաթներին մեր խմբակցությունը ներգրավված է եղել դպրոցի վերանվանելու շուրջ բանակցություններում`որոշելով այն անվանել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց»: Նախագիծը պատրաստ է, մենք առաջարկում ենք մյուս երկու խմբակցություններին միանալ նախագծին, ինչը հնարավորություն կտա հարցը բերել օրակարգ»:
Նիստի ընթացքում ավագանու մյուս երկու խմբակցություններն իրենց համաձայնությունը տվեցին հարցը օրակարգ ներառելու համար:



