Սա այն իշխանությունն է, որը առաջին հերթին ժող...

Երեկ ապրիլի 23-ին լրացավ Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Politik.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ փորձեց ամփոփել անցած մեկ տարին, նոր իշխանությունների գրանցած արդյունքներն ու հնարավոր զարգացումները: 

Պատգամավորի խոսքով` այս մեկ տարվա ընթացքում իշխանությունները կատարել են իրենց առաջ դրված առաքելություններն ու նպատակները:  Այս ամբողջ պրոցեսը մեկ նպատակ ուներ` երկրում կայունություն առաջացնել, որը կհաստատվեր բոլոր ոլորտներում: Այսօր մեր իշխանությունը այդ ճանապարհին է, և մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի մեր նպատակների իրականացումը. 

«Սա այն իշխանությունն է, որը առաջին հերթին ժողովրդի մեջ հույս առաջացրեց, իսկ այդ հույսը առաջացավ հանրության վստահությունը շահելու արդյունքում: Այս մեկ տարվա ընթացքում զարթոնք առաջացավ ամեն քաղաքացու մտքում և հոգում: Այլևս ամեն մեկը մտածում է, որ ինքը անելիք ունի իր երկրում: Քաղաքացիական գիտակցության մտքի զարթոնքի սերմերը ցանվեցին , ինչը պետականության կերտման առավելագույն արդյունավետությունն է, որովհետև քաղաքացին իր հողի վրա իրեն տեր է զգում: Նախկինում մենք դա չէինք տեսնում, ոչ այն պատճառով որ այդ նույն քաղաքացին չկար, այլ նրանց լուրջ հոգեբանական ճնշման հետևանքով հասցրել էին այն մտածողությանը, թե  իրենք բացարձակ իրենց կամքի և երկիր տնօրինողը չեն: Այսօր քաղաքացիները գիտեն ինչ են ուզում և ինչու, գիտեն բողոքել, պահանջել, միևնույն ժամանակ` առջարկել ու կառուցել»: 

#Մեկ_տարվա_ամփոփում Politik.am-ը սկսում է նոր շարք՝ նոր իշխանությունների 1 տարվա աշխատանքների ամփոփում: Վերոնշյալ հեշթեգով կարող եք գտնել թեմային առնչվող բոլոր հրապարակումները:

Աննա Հովհաննիսյան