Ռուսներին ու Փաշինյանին օգնող հակառուսականութ...

Արցախի դեմ վերջին ահաբեկչական գործողություններից առաջ Հայաստանում կրկին հակառուսական հիստերիա բարձրացվեց։ Հակառուսականության սկիզբը տվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իրենց հարցազրույցներով։ Իշխանական քարոզչամեքենան բնականաբար միանգամից գործի անցավ։

Հակառուսականության հիստերիայի մասով հետաքրքիր օրինաչափություն կա՝ այն ակտիվանում է Հայաստանի կամ Արցախի դեմ սպասվելիք ռազմական գործողություններից անմիջապես առաջ։ Այդպես էր 44-օրյա պատերազմից առաջ, այդպես էր 2021 թվականի նոյեմբերին, այդպես էր 2022 թվականի սեպտեմբերին և իհարկե այս տարվա սեպտեմբերին։

Այս օրինաչափությունն իհարկե հասկանալի է՝ Հայաստանի իշխանություննհերը սպառելով նախկիններին մեղադրելու լիմիտը, նոր հակահերոս են գտել և դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Իշխանություններն այս գործում այնքան մեծ հաջողությունների են հասել, որ հիմա Հայաստանում ռուս հայհոյելը մոդայիկ զբաղմունք է դարձել։ Ընդ որում ռուսներին հայհոյում են մարդիկ, ովքեր այնտեղից ուղարկված տրանսֆերտների հաշվին են ապրում։

Հետաքրքիր է սակայն, որ հակառուսական ալիքի շնորհիվ իրենց հանցագործությունները թաքցնող Հայաստանի իշխանությունները ոչ մի խնդիր չունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Այո այն կողմից էլ քարոզչական մակարդակում հնչում են մեղադրանքներ, ռուսական մեդիայում Հայաստանը համեմատում են Ուկրաինայի հետ, բայց դա միայն քարոզչական դաշտում, իսկ իրականում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է, որ ոչ մի խնդիր չունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այն, որ Հայաստանում առկա հակառուսական մթնոլորտը չի անհանգստացնում Ռուսաստանի իշխանություններին, ցույց են տալիս գետնի վրա առկա իրողությունները։ Անգամ Մարս մոլորակի վրա հակառուսականության դեմ պայքարող Ռուսաստանի իշխանությունները գործնականում ոչինչ չեն անում Հայաստանում դրա դեմն առնելու համար։

Աշխարհը տեսել է, թե ինչ է անում Ռուսաստանը, երբ որևէ երկիր գործնականում իրենց համար խնդիրներ է ստեղծում։  Արգելվում է նման երկրի հիմնական արտադրանքի մուտքը Ռուսաստան, դեպորտացիայի են ենթարկվում այդ երկրի քաղաքացիները, փակվում է օդային տարածքը նման երկրի համար, գազի սակագինը միանգամից բարձրանում է։

Ինչպես կարող ենք փաստել Հայաստանը նշվածներից և ոչ մի դրվագով ռուսական կողմի կոշտ քայլերին չի հանդիպել, ինչը նշանակում է, որ ռուս-հայկական դիվանագիտական փոխհրարձգության հետևում ինչ որ այլ բան կա։

Կարելի է կարծել, որ Հայաստանում սնուցվող հակառուսակնությունը պետք է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլև Ռուսաստանի իշխանություններին։ Փաշինյանին պետք է իր հանցանքները ռուսների մեղքով թաքցնելու համար, իսկ ռուսներին պետք է, որպեսզի սքողեն անկարողությունը, որ այս պահին դրսևորում են Արևմուտքի դաշնակից թուրք-ադրբեջանական հանցավոր տանդեմի ցեղասպան գործողությունների նկատմամբ։ Հենց Փաշինյանի անպտուղ հակառուսականության վրա հենվելով են ռուսական մեդիա դաշտում տարբեր կալիբրի գործիչներ բացատրում իրենց անգործությունը․ «Հայաստանին չենք օգնում, քանի որ հակառուսներ են այնտեղ»,-ասում են նրանք։  Հենց այս հանգամանքներով էլ կարծես բացատրվում է Փաշինյանի հակառուսականության անպատժելիությունը։ Ուրիշ բացատրություն այս պահին դժվար է գտնել։