Ռուսաստանը պլանավորում է վառելիքով բեռնված երկրորդ նավն ուղարկել Կուբա: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը «Էներգոպրոմ-26» համաժողովի կուլուարներում լրագրողների հետ զրույցում։
«Երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել մեծ խորհրդակցություն, ժամանել էին Կուբայի ներկայացուցիչներ։ Կուբան գտնվում է լիակատար շրջափակման մեջ։ Որտեղի՞ց եղավ նավթի մատակարարում։ ՌԴ-ի նավը ճեղքել է շրջափակումը։ Հիմա երկրորդն է բեռնվում, մենք կուբացիներին չենք թողնի դժվարության մեջ», - ասել է Ցիվիլևը։
Ավելի վաղ ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը 100 000 տոննա նավթի հումանիտար բեռով ժամանել էր Կուբա։
Հունվարի սկզբին Վենեսուելայում հատուկ գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո Վաշինգտոնը դադարեցրել է վենեսուելական նավթի արտահանումը Կուբա: Կղզին հայտնվել է էներգետիկ ճգնաժամում: Երկիրն արդեն մի քանի անգամ լիովին հոսանքազրկվել է: Երեք ամսվա ընթացքում առաջին անգամ օրերս ԱՄՆ-ի թույլտվությամբ Կուբա է մտել ռուսական նավթով բեռնված լցանավ:



