Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով հանդիպումը տեղի կունենա «ոչ հեռավոր ապագայում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Քանի դեռ ընթանում է այդ հարցերի մշակումը՝ անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը: Երբ այդ համաձայնությանը հասնենք՝ մենք կհայտարարենք, թե որտեղ տեղի կունենա հանդիպումը: Մենք հույս ունենք, որ դա ոչ հեռավոր ապագայի հարց է», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:
Անդրեյ Ռուդենկոն հավելել է, որ Վրաստանի համար նախատեսված աթոռը վեց երկրների հանդիպմանը ազատ կմնա, եթե Վրաստանը չհաստատի իր մասնակցությունը: Իսկ երբ Վրաստանը պատրաստակամություն հայտնի՝ կարող է լինել գործընթացի լիիրավ մասնակից:



