
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակման նոր փուլ են անցկացրել: Ինչպես տեղեկաՑնում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածություններին համապատասխան` մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ են վերադարձվել Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռազմագերիների փոխանակման մասին է հայտարարել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ վերադարձվածների մեծ մասը գերության մեջ էր գտնվում երկու տարուց ավելի։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ, Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը գերիների երկու լայնածավալ փոխանակում են իրականացրել։ Առաջինը տեղի է ունեցել Ստամբուլում կայացած բանակցությունների առաջին փուլից հետո։ Այն անցկացվել է երեք փուլով, երկու կողմերն էլ ազատ են արձակել 1000 բանտարկյալի։
Հունիսի 2-ին Թուրքիայում կայացած բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները կրկին պայմանավորվել են գերիների փոխանակման շուրջ։ Կողմերը պայմանավորվել են փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» վիրավոր ու ծանր հիվանդ զինվորներին, ինչպես նաև 18-ից 25 տարեկան բոլոր բանտարկյալներին։
Այս պայմանավորվածությունների շրջանակում արդեն չորս փոխանակում է տեղի ունեցել՝ հունիսի 9-ին, 10-ին, 12-ին, 14-ին և 19-ին: Հունիսի 19-ին Ուկրաինան գերությունից տուն է վերադարձրել վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիներին, որոնց մեծ մասը գերության մեջ էր 2022 թվականից:
Բացի այդ, Ստամբուլում կողմերը պայմանավորվել են վերադարձնել զոհված զինվորների մարմինները՝ «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով։ Արդեն իրականացվել է երեք փուլ, որոնց ընթացքում վերադարձվել է 1200-ական զոհվածի մարմին։