Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի...

Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել միմյանց, որոնց հետևանքով բռնկվել են հրդեհներ, տեղի են ունեցել ավերածություններ։

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով տեղի իշխանություններին, նշում է, որ ՌԴ Ռոստովի մարզի Կոնստանտինովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում:

Ըստ տարածաշրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարի՝ հրդեհի մակերեսը կազմել է հինգ քառակուսի մետր, այն արագ մարել են։ Տուժածներ չկան։ 

Ավելի վաղ Սլյուսարը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ է ոչնչացվել Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում, տուժածներ և ավերածություններ չկան։ Ռոստովի մարզում խոցված ԱԹՍ-ի մասին հաղորդել է նաև ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Իր հերթին Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը ժամանակավորապես փակել է Վոլգոգրադի օդանավակայանը։ Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ դա արվել է «թռիչքների անվտանգությունն ապահովելու համար»։ Սովորաբար «Ռոսավիացիա»-ն փակում է օդանավակայանները, երբ առկա է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից մոտակա տարածքի թիրախներին հարվածելու վտանգ։

Վաղ առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ գիշերը Վոլգոգրադի մարզում խոցվել է մեկ անօդաչու թռչող սարք։

Իսկ ըստ Ուկրաինայից ստացված տեղեկությունների՝ Դնեպրում ռուսական լայնածավալ հրթիռային հարվածի հետևանքով արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ավերածություններ են տեղի ունեցել, երկու վայրում հրդեհ է բռնկվել։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով մոնիթորինգային ալիքները, նշում է, որ ռուսական ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռները հասել են Պոլտավայի մարզի Կրեմենչուգ և Դնեպր քաղաքներ: Հաղորդվում է նաև այս տարածքներում պայթյունների մասին: Հարվածի հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։

Նշվում է, որ Ուկրաինայի ուղղությամբ արձակումներն իրականացվել են վեց Տու-95 ռմբակոծիչներով, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մի քանի հրթիռ: