![Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը դուր...](/imgs/posts/medium/2025/02/91c6031.png)
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով՝ Երևանը դեռ չի ծրագրում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։
Այս մասին ՌԴ դեսպանը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Այս փուլում մենք ելնում ենք քաղաքական օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու թեմայի բացակայության մասին Հայաստանի ղեկավարության հայտարարություններից»,- ասել է դեսպան Կոպիրկինը։
Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին, որն առաջիկայում կքննարկվի նաև խորհրդարանում։ Դրանից հետո ռուսական կողմից հնչել են հայտարարություններ, որ Հայաստանի կողմից այդ նախագիծը հավանության արժանացնելը կլինի ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու մեկնարկը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին տված ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Երևանը ԵԱՏՄ–ում իրեն վատ չի զգում, սակայն իշխանությունները չեն կարող չնկատել ժողովրդի ձգտումները Հայաստանի ապագայի համար ընտրանքներ, տարբերակներ ձևավորելու վերաբերյալ:
«Այսօր մենք ԵԱՏՄ-ում վատ չենք զգում մեզ: Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները՝ Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ, որովհետև այսօր շատ կարևոր փուլ է, որ մենք մեր երկրի ռազմավարական ապագայի մասին խոսենք: Բայց այդ ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա: Եվ մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է»,-նշել էր Նիկոլ Փաշինյանը: