Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա կհղի՝ կապված զենքի գնման մրցույթի խափանման հետ, որին մասնակցում էր ռուսական ՕՐՍԻՍ ընկերությունը: РИА Новости լրատվական գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի տեքստի համաձայն՝ ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել իրավիճակը:
Օգոստոսին ՕՐՍԻՍ-ի պաշտոնական ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի խափանումից հետո Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով»: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ պաշտպանական գերատեսչությունը:
Գործակալությունը գրում է, որ իրավիճակին ծանոթ աղբյուրների համաձայն՝ նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և մոտ ժամանակներս դիվանագիտական ուղիների միջոցով կփոխանցվի հայկական կողմին:
Ըստ գործակալության՝ 2019թ.-ի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Օլեգ Ռյազանցևի կողմից ստորագրված և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հասցեագրված նոտայում ասվում է, որ տվյալ տենդերում ՕՐՍԻՍ ընկերության մասնակցության հայտը մերժվել է՝ «առանց որևէ հիմքի», իսկ ընկերությունը ներառվել է ՀՀ զինված ուժերի «ոչ բարեխիղճ մատակարարների» ցանկում:



