Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր ՌԴ այցելող Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ազատ ռեժիմ սահմանելու վերաբերյալ։ Փաստաթուղթը հրապարակվել է պետական ակտերի հրապարակման հարթակում։
Հրամանագիրը սահմանում է, որ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը Չինաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստան՝ սովորական անձնագրով, և երկրում մնալ մինչև 30 օր՝ զբոսաշրջության կամ գործնական նպատակներով, ինչպես նաև տարբեր միջոցառումների մասնակցելու կամ տարանցիկ ճանապարհորդելու համար: Պարզեցված ընթացակարգը չի տարածվում աշխատանքի, ուսման, բնակության կամ միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի նպատակով մուտք գործողների վրա:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Սեպտեմբերի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիների համար 30-օրյա առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին։ Մեղմացումն սկսել էր գործել սեպտեմբերի 15-ից։



