Ռուսաստանում Արայիկ Հարությունյանի վրա զայրաց...

Շաբաթներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գնացել էր Մոսկվա ու իր ձեռքի տակ գտնվող լրատվամիջոցով տեղեկություններ էր տարածել, թե ռուսական կողմը բարձր մակարդակով է ընդունել իրեն և այցը հագեցած օրակարգ է ունեցել։

Մեզ հաջողվեց որոշակի տեղեկություններ ճշտել այցի հետ կապված։ Արցախցի պատգամավորներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրականում ռուսական կողմը խիստ զայրացել է Արայիկ Հարությունյանի վրա։ Նրան կշտամբել են Նիկոլ Փաշինյանի ձեռքի խաղալիքը լինելու համար։ Հարությունյանին ասել են, որ ռուսական կողմը ամեն բան արել է, որ ինքը շարունակի Արցախում մնալ իշխանության գլուխ, բայց փոխարենը ոչինչ չեն ստացել։ 

Հայաստանի կառավարության մեր աղբյուրների պնդմամբ Արայիկ Հարությունյանը խիստ կաշկանդված է եկել Մոսկվա այցից։ Եվ որպեսզի կարողանա ռուսներին ցույց տալ, որ Հայաստանի վարչապետի ձեռքի խաղալիքը չէ ու հանուն ռուսական օրակարգի ջանք չի խնայում, շտապել է Փաշինյանի հետ հանդիպման։ Հարությունյանն առաջարկել է Փաշինյանին Սյունիքով նախատեսվող միջանցքը հանձնել, որպեսզի հնարավոր լինի առանց պատերազմի ապրել։ Փաշինյանը այս առաջարկին ի պատասխան զայրացել է և նաև հասկացրել, որ միջանցքի հանձնումն իր համար համարժեք է իշխանության կորստի, որին ինքը չի կարող գնալ ու Արայիկ Հարությունյանին խորհուրդ է տվել հեռու մնալ այս հարցերից։ Հարությունյան-Փաշինյան հանդիպումն, ըստ մեր աղբյուրի, անցել է լարված ու լսվել են նաև գոռգոռոցներ։

Հանդիպումից անմիջապես հետո Արայիկ Հարությունյանը շտապել է ռուս խաղաղապահների մոտ։ Հանդիպմանը, ըստ արցախցի պատգամավորի, մասնակցել է նաև գեներալ Մուրադովը։ Հարությունյանը ռուսներին պատմել է ամեն բան ու վստահեցրել, որ փորձում է սպասարկել ռուսական օրակարգը։ Մեր աղբյուրների տեղեկացմամբ Մուրադովը Արայիկ Հարությունյանից ինչ որ կրիչ (ֆլեշկա) է ստացել, որի վրա ենթադրվում է, որ կարող էր ինչ որ ձայնագրություն լինել։ Այս հանդիպումից հետո ռուսական կողմը կրկին վստահությամբ է լցվել Արայիկ Հարությունյանի նկատմամբ և նախկին դրական հարաբերությունները վերականգնվել են։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել Արայիկ Հարությունյանի աշխատակազմի մամուլի ծառայության հետ, առկա տեղեկությունների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները ստանալու համար, բայց մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։