ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմն իրենից կախված ամեն ինչ անում է եւ կանի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար, գրում է ТАСС-ը։
Այդ մասին Պուտինն ասել է կրոնական միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Գիտեք, որ Ռուսաստանը մեզանից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի մարդկանց կյանքերը փրկվեն, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում»,- ասել է նա։
Պուտինը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղում հակամարտության կողմերի հետապնդած նպատակներին կարելի է հասնել նաեւ խաղաղ ճանապարհով:
«Համենայն դեպս, մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել արդյունքի»,- ասել է նա:



