Ռուսաստանի իշխանությունները կարող են սկսել հա...

Երեկ, ըստ պաշտոնական լրահոսի, ՀՀ նախագահը ստորագրել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որը բավական աղմուկ հանեց ոչ միայն զուտ ներհայաստանյան մակարդակում, այլ նաեւ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, քանի որ այն ըստ էության սահմանափակելու է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ տարածքում։ Որքան էլ պաշտոնական վարկածի համաձայն փորձ արվի ապացուցել, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը նպատակաուղղված է՝ ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը, տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների անկախությունը, ինչպես նաև նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը, սակայն պարզ է, որ այստեղ առաջին պլանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակումն է, որը կարող է իշխանության համար ոչ-հաճելի, այլընտրանքային կարծիք հաղորդել հայկական հեռուստաեթերով։

Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Հայաստանի գործող իշխանություններն ռուսական հեռուստաալիքների հարցը մեջտեղ բերեց, որպես շանտաժի միջոց, որպեսզի ինչ որ կերպ կարողանա բարձր մակարդակի հանդիպում կազմակեպել ռուսական ղեկավարության հետ եւ պայմանավորվել, սակայն նաեւ գրել ենք, որ ռուսական կողմը կտրուկ հասկացրել է, որ չի կարելի իրենց հետ շանտաժի լեզվով խոսել, իսկ եթե հայկական կողմը կփակի ռուսական ալիքները, դա ռուսական կողմը կդիտարկի որպես հարված ռուսաց լեզվի իմացականությանը Հայաստանում, ինչն օրինակ կարող է լեզվաիմացության խնդիրներ առաջացնել Մոսկվայում գործող հայ վարորդների համար, ինչը նշել էր դեսպան Կոպիրկինը այդ աղմկահարույց օրենքի հետ կապված իր հայտարարության մեջ, ինչը ուղիղ իմաստով կարելի է հասկանալ որպես այն, որ Մոսկվան ձեռքերը ծալած չի նստելու եւ օրինակ կարող է սկսել Ռուսաստանում աշխատող հայ վարորդների «տունդարձի պրոցես»՝ պատճառաբանելով, որ նրանք բավարար մակարդակի ռուսերենին չեն տիրապետում։

Համավարակով պայմանավորված տնտեսական խորագույն ճգնաժամի ճանապարհը բռնած Հայաստանի համար, որը արդեն իսկ զգում է «խոպանի» բացակայության արդյունքները՝ ֆինանսական փոխանցումների կտրուկ կրճատումների հետեւանքների տեսքով, սա կարող է լինել բավական տհաճ իրավիճակ, սակայն ըստ էության, կարելի է արձանագրել, որ Փաշինյանի համար կարեւորը հակառուսականության գիծն առաջ մղելն է, իսկ մնացածը, ու հատկապես ժողովրդին ուղղակիորեն առնչվող հարցերը, իր համար էական չեն։