Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կսահմանի երկրների միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առնվազն 20 տարվա համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրն Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրավական և հայեցակարգային հիմքն է, որը որոշում է երկու երկրների փոխգործակցությունը հարաբերությունների բոլոր ասպեկտներում առնվազն առաջիկա երկու տասնամյակների ընթացքում»,- ասել է նա։
«Ժամանակակից աշխարհում, որն արագորեն զարգանում և նպաստում է երկրների միջև հումանիտար փոխանակություններին և առևտրին, մենք պետք է հնարավորինս լայն և ընդգրկուն դարձնենք իրավական դաշտը, և այս փաստաթուղթը կարող է ներառել հարաբերությունների բոլոր ասպեկտները և հիմք ստեղծել տասնյակ այլ իրականացնող համաձայնագրերի կնքման համար՝ հատկապես տնտեսական, առևտրային, էներգետիկ, դրամավարկային, բանկային և ներդրումային ոլորտներում, հավելեց դեսպանը,- այն իսկապես ճանապարհային քարտեզ է և շարժիչ ուժ՝ հարաբերությունները առաջ տանելու համար»:
Ներկայումս պետություններն առաջնորդվում են Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին 2001 թվականի պայմանագրի դրույթներով։ Այն ստորագրվել է 10 տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարացվել է հետագա հինգ տարի ժամկետով: