Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են...

Եվրամիությունը (ԵՄ) կառաջարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 15-րդ փաթեթում ներառել մոտ 50 ֆիզիկական և 30 իրավաբանական անձ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր մոտ եղած փաստաթղթերին։

Փաստաթղթերի համաձայն՝ հիմնականում նախատեսվում է նոր սահմանափակումներ մտցնել ռուս ռազմական արտադրողների, ինչպես նաև չինական որոշ ֆիրմաների նկատմամբ, որոնք, իբր, նրանց մատակարարում են անօդաչու սարքերի արտադրության մասեր։ Ենթադրվում է, որ նոր պատժամիջոցների տակ կարող են հայտնվել նավթի փոխադրմամբ զբաղվող ռուսական ընկերությունները, ինչպես նաև զինվորականներն ու ընկերությունների ղեկավարները։

Բացի այդ, Եվրամիությունն առաջարկում է սահմանափակումներ մտցնել մոտավորապես 30 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, իբր, օգնում են Մոսկվային ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերել։ Bloomberg-ի ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ ցանկում ներառված են ընկերություններ Ռուսաստանից, Սերբիայից, Իրանից, Հնդկաստանից, Թաիլանդից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ ԵՄ-ն առաջարկում է նաև պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի այն զինվորականների դեմ, ովքեր, իբր, մասնակցում են ռուսական տարածք զինվորական անձնակազմ ուղարկելուն:

Միջոցառումների նոր փաթեթը ներառում է նաև Ռուսաստանի Դաշնությունից ավելի քան 45 նավթ տանկերի մուտքի արգելք դեպի եվրոպական նավահանգիստներ և ծառայություններ, գրում է Bloomberg-ը։

Եվրամիության երկրների մշտական ​​ներկայացուցիչները նոյեմբերի 27-ին կքննարկեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։

Ավելի վաղ, ԵՄ կառույցների ղեկավարները հայտնել էին, որ Բրյուսելը սկսել է աշխատանքները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթի վրա։