
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է 22 փաստաթուղթ՝ հուշագրեր, արձանագրություններ, պայմանագրեր, համաձայնագրեր: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Փաստաթղթերն ընդգրկում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տիեզերքը, ատոմային էներգետիկան, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, լրատվամիջոցների համագործակցությունը, նորարարությունը և անասնաբուժական-սանիտարական վերահսկողությունը։
Հիմնական փաստաթղթերի թվում է «Գազպրոմ»-ի և Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի միջև ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը, որը ներառում է պայմանավորվածություն Մոնղոլիայի տարածքով տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։
Բացի այդ, «Ռոսատոմ»-ը և Չինաստանի ատոմային էներգիայի գործակալությունը հուշագիր են ստորագրել խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ռազմավարական համագործակցության զարգացման վերաբերյալ։
«Ռոսկոսմոս»-ը և Չինաստանի ազգային տիեզերական վարչակազմը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է «Չանյե-7» առաքելության չինական տիեզերական ապարատի կազմում «Լուսնափոշու մոնիթորինգ» ռուսական գիտական սարքի ինտեգրման բնագավառում համագործակցությանը։
Ռուսաստանի գիտական հիմնադրամը և Չինաստանի գիտության ու տեխնոլոգիաների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել գիտահետազոտական նախագծերի համատեղ ֆինանսավորման վերաբերյալ։