Ռուսական երկաթուղիների ղեկավարը Փաշինյանին նե...

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շարունակման հիմնական պայմանը կառուցողական փոխգործակցության ոգով բոլոր վիճելի հարցերի լուծումն է՝ ՀՀ կառավարության մասնակցությամբ: Այդ մասին հոկտեմբերի 8-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը:

«Ռուսական երկաթուղիներ»-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:

Օլեգ Բելոզյորովն ընդգծել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ իր սեփական միջոցներից գրեթե 250 միլիոն դոլար ներդրում է կատարել:

Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա զարգացումը և, մասնավորապես, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքի նորմալացումը:

Ավելի վաղ RTVI-ը հայտնել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել Հայաստանի հետ 2008 թ. կնքված «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը:
 
Այս մասին տեղեկությունը հաստատել են նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում: