Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզում Ռուսաստանի ռազմական հարձակումը, ի թիվս այլ բաների, իրականացվում է «բուֆերային գոտի» ստեղծելու նպատակով։ «Այդ թվում, իհարկե, բայց եթե խոսենք ռազմական գործողությունների նրբությունների մասին, ապա, իհարկե, ձեր հարցերը պետք է ուղղվեն պաշտպանության նախարարությանը»,- պատասխանել է նա «ՌԻԱ Նովոստիի» այն հարցին, թե արդյոք հարձակումը կարող է համարվել «բուֆերային գոտի» ստեղծելու աշխատանքների մի մասը։ Հարձակման մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն Ուկրաինայի զինված ուժերը շուտով հերքել է այս տեղեկատվությունը։ «Թշնամին չի մտել Դնեպրոպետրովսկի մարզ»,- «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կովալյովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի վերջին հայտարարել էր Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու որոշման մասին՝ ռուսական մարզերը Ուկրաինայի զինված ուժերի սպառնալիքներից պաշտպանելու համար։



