Ռուս ժողովրդի մեծամասնությունը Հայաստանը համա...

Ռուս ժողովրդի մեծամասնությունը (ռուսաստանցիների ավելի քան 80% -ը) Բելառուսի հետ միասին Հայաստանը համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպյոխինը՝ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովի ընթացքում:

 «Մյուս կողմից, Հայաստանում մարդկանց մեծամասնությունը (ՀՀ բնակչության կեսից ավելին) նույնպես անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ սերտ դաշինքի մեջ լինելը: Հարցն այն է, սակայն, թե ո՞րը պետք է լինի 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերության և դաշինքի բանաձևը»,-ասաց Լեպյոխինը:

Նրա խոսքով՝ սկզբունքորեն, հետխորհրդային տարածքի շատ երկրներում էլիտայի մի զգալի մասը (ներառյալ՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը) նայում է այնտեղ, որտեղ ավելի շատ փող կա:  Ամենուր այդ գործոնը դառնում է ավելի կարևոր, քան ազգային շահերը:

«Հայաստանում ընդհանուր ուժերը պարզապես պետք է դիմեն ազգի համախմբման այնպիսի գործոնների, ինչպիսիք են՝ ազգային ոգին, հայերի քաղաքակրթական ինքնության ըմբռնումը, հայերի ավանդույթները և քաղաքակրթորեն մոտ Ուղղափառ ռուս ժողովրդի հետ առավելագույն մերձեցումը»,-համոզմունք հայտնեց բանախոսը:

Նրա կարծիքով՝  հայ-ռուսական դաշինքի կողմնակիցների առաջին խնդիրը՝ Ռուսաստանի և Հայաստանի սոցիալական և քաղաքական խմբերի միջև խաչաձև կապերի ամրապնդումն է, որոնք կողմ են երկու երկրների միության և ռազմավարական փոխգործակցության ամրապնդմանը:

Փորձագետն այդ  խնդրի լուծման միջոց է համարում  երկու ժողովուրդների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և անկեղծ շահագրգռվածությունը՝ ռազմավարական գործընկերության մեջ:  Բացի այդ՝ Լեպյոխինի համոզմամբ, անհրաժեշտ է Հայաստանի և Ռուսաստանի  գործընկերությանն ու  միությանը ձգտող բոլոր ուժերի միավորումը: