Ռուս-ուկրաինական պատերազմը դառնում է ավելի դաժան և ավերիչ, սակայն, ցավոք, այն չի մոտենում ավարտին. ԵՄ-ն կշարունակի աջակցությունը Կիևին և ներդրումներ կկատարի սեփական պաշտպանության մեջ, հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը սեպտեմբերի 1-ին ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Հելեն ՄաքԷնթիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։
«Նախ, Ուկրաինայի վերաբերյալ։ Ռուսաստանի պատերազմը դառնում է ավելի դաժան և կործանարար, սակայն, ցավոք, այն չի մոտենում ավարտին։ Ռուսական բանակը դոփում է տեղում, և այդ պատճառով նրանք օդից սպանում են խաղաղ բնակիչների։ Սա միտումնավոր ահաբեկչություն է», - նշել է նա։
Կալասը հավելել է, որ Սև ծովում Ռուսաստանի կողմից հացահատիկ տեղափոխող նավերին հարվածները միտումնավոր սպառնում են պարենի համաշխարհային մատակարարմանը։
«Ռուսաստանը նաև հարվածում է Եվրոպային ավելի ու ավելի կինետիկ հիբրիդային հարձակումների ալիքով։ Դրանով Ռուսաստանը փորձում է մեզ վախեցնել, որպեսզի հրաժարվենք Ուկրաինային մեր աջակցությունից։ Նրանք չեն հաջողի։ Ընդհակառակը, այսօր մեր ունեցած քննարկումների համաձայն՝ մենք կմեծացնենք Ուկրաինային ուղղված մեր աջակցությունը և ներդրումներ կկատարենք մեր սեփական պաշտպանության մեջ։ Սա (ՌԴ նախագահ) Պուտինին կանգնեցնելու լավագույն միջոցն է։ Մենք նաև պլանավորում ենք Ռուսաստանի դեմ մինչ օրս ամենալայնամասշտաբ պատժամիջոցները», - շեշտել է նա։
Կալասի խոսքով՝ ռազմական առումով Ուկրաինան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խաթարում են ռուսական լոգիստիկան և հարվածում Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակման գործարաններին՝ առաջացնելով ՌԴ-ում տասնամյակների ընթացքում «ամենամեծ վառելիքային ճգնաժամը»։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանը նաև ամսական կորցնում է ավելի քան 30 000 զինվորի։
Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է ամուր աջակցություն ցուցաբերել Կիևին Ուկրաինային աջակցության վարկի միջոցով։
«ԵՄ-ն արդեն իսկ հատկացրել է 8,37 միլիարդ եվրո պաշտպանական աջակցություն, և դեռ ավելին է սպասվում։ Այնուամենայնիվ, երկկողմ աջակցության շարունակականությունը դեռևս անհրաժեշտ է», - ասել է Կալասը։
Նա հավելել է, որ միաժամանակ զարգանում է ԵՄ-Ուկրաինա գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում. ուկրաինական և եվրոպական ընկերությունների միջև կա ավելի քան 120 արդյունաբերական գործընկերություն։



