Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ց...

հանդիպում են անցկացնում, որի առանցքում Ուկրաինայում խաղաղությունն է: Հանդիպմանը ժամանելիս ԵՄ դիվանագետները կարևոր են համարել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քննարկմանն Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցությունը: 

Հանդիպումը տեղի է ունենում լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ն մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից տարածքային զիջումներ անվտանգության երաշխիքների դիմաց: 

Reuters գործակալությունը հաղորդում է, որ հանդիպմանը ժամանելիս Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարեն շեշտել է, որ ուկրաինացիներն արդար խաղաղություն են ցանկանում, բայց խաղաղությունը չի կարող կապիտուլյացիա նշանակել: 

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին  հայտարարել է, որ հարցը վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը, հետևաբար, ակնկալվում է, որ իրենց հետ պետք է խորհրդակցեն:  

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն էլ նշել է, որ հրադադարի շուրջ ցանկացած բանակցություն պետք է քննարկվի Ուկրաինայի հետ, և որ Եվրոպան նույնպես պետք է ներառվի: 

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը նույնպես հայտարարել է, որ հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի արդյունավետության համար հարկավոր է Ուկրաինայի և Եվրոպայի աջակցությունը: 

Իր հերթին, Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն նշել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը՝ երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով: 

Արևմտյան տարբեր ԶԼՄ-ներ հաղորդել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը 28 կետից բաղկացած ծրագիր է մշակել, որի համաձայն Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց: Ըստ աղբյուրների՝ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, Կիևին առաջարկում է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։