Ռուս գեներալները պնդում են, որ Պուտինը նոր զո...

Ռուսաստանի Գլխավոր շտաբը եւ պաշտպանության նախարարությունը Կրեմլի վրա «լուրջ ճնշում» են գործադրում՝ կոչ անելով նոր զորահավաք հայտարարել՝ Ուկրաինայում զորքերի համալրման համար, The Economist-ին տեղեկացրել են եվրոպացի պաշտոնյաները, որոնք ծանոթ են հետախուզական տվյալներին։

«Ռուսաստանն այժմ բավականաչափ ուժեր չունի։ Եթե նրանք առաջընթացի հասնեին, չէին կարողանա օգտագործել այն»,- նշել է ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյան։

Աղբյուրների տվյալներով՝ ռուսական բանակը շարունակում է հենվել պրիմիտիվ մարտավարությունների վրա մարտադաշտում, որոնք հանգեցնում են զանգվածային կորուստների։  Հյուսիսկորեացի զինվորներին ներգրավելու որոշումը վկայում է այն մասին, որ ռուսական զորքերը խնդիրներ ունեն։

Պարբերականի զրուցակիցների տվյալների համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունը զգալիորեն առաջ է արեւմտյան արտադրագծերից։ Եվրամիությունը հավաստիացնում է, որ տարեկան արտադրում է ավելի քան մեկ միկլիոն ական, Ռուսաստանն արտադրում է երեք անգամ ավելի եւ ստանում է Հյուսիսային Կորեայի եւ Իրանի աջակցությունը։

«Ես պարզապես  չգիտեմ, թե կկարողանանք արդյոք արտադրել բավականաչափ շատ եւ որքան կարող ենք տալ։ Մենք այլեւս նրանց օգնություն ցուցաբերելու հնարավորություն չունենք եւ կարող ենք վտանգի ենթարկվել այլ տեղերում»,- The Economist-ին տեղեկացրել է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությանը տեղյակ աղբյուրը։

Բարձրաստիճան զրուցակիցը ՆԱՏՕ-ից նշել է, որ Մոսկվան հավաքագրում է 30 հազար մարդ ամսական։ Դա բավական չէ ճակատում բոլոր առաջադրանքները կատարելու համար, բայց թույլ է տալիս ծածկել վիթխարի կորուստները։

Պաշտպանական հետազոտությունների Թագավորական միացյալ ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեք Ուոթլինգը կարծում է, որ Ռուսաստանը չի կարող հավերժ կռվել, բայց եթե միտումը ճակատում պահպանվի, ապա «բեկման կետը» Ուկրաինայի համար առաջինը վրա կհասնի։

«Մոսկվան, թերեւս, հաշվարկում է, որ կկարողանա հասնել իր նպատակներին Դոնբասում հաջորդ տարի եւ ուկրաինական բանակին պարտադրել կորուստների եւ նյութական վնասի այնպիսի մակարդակ, որ նա այլեւս չկարողանա կանխել հետագա առաջընթացը»,- նշել է նա։ Փորձագետը կարծում է, որ այդ իրավիճակը Ռուսաստանին ազդեցության լծակներ կտա ցանկացած հաջորդ բանակցություններում։

Այն մասին, որ ռուսական զինվորական հրամանատարությունը խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նոր զորահավաք հայտարարել, գրել է Wall Street Journal-ը սեպտեմբերի կեսին։

Պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ մարտի կեսին, երբ Պուտինը «վերընտրվեց» հերթական նախագահական ժամկետով, նրա հետ հանդիպման ժամանակ ՊՆ ղեկավարները պնդել են, որպեսզի նա օգտագործի մայիսի երդմնակալությունը նոր զորահավաք հայտարարելու համար։ Նրա խոսքով՝ Պուտինը հրաժարվել է՝ հայտնելով, որ ցանկանում է պատերազմում օգտագործել միայն նրանց, ովքեր կամավոր են պայմանագիր կնքում նախարարության հետ։