Ռումինիայում ոստիկանությունը բերման է ենթարկե...

Ռումինիայի նախագահական ընտրությունների թեկնածու Կալին Ջորջեսկուին ոստիկանությունը բերման է ենթարկել հարցաքննության՝ կապված 2024 թ. նոյեմբերին նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ. ընտրություններում նա հաղթել էր, սակայն արդյունքները չեղյալ էին հայտարարվել: Բերման ենթարկվելու մասին հաղորդագրություն է տարածվել Ջորջեսկուի ֆեյսբուքյան էջում։

«Կալին Ջորջեսկուն պատրաստվում էր նորից ներկայացնել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Մոտ 30 րոպե առաջ ոստիկանությունը կանգնեցրեց նրան երթևեկության մեջ, և նրան բերման ենթարկեցին Գլխավոր դատախազություն հարցաքննության։ Որտե՞ղ է ժողովրդավարությունը, որտե՞ղ են այն գործընկերները, որոնք պետք է պաշտպանեն ժողովրդավարությունը», - գրված է հաղորդագրության մեջ։

Ըստ ռումինական Digi24 լրատվական ալիքի՝ դատախազները Ջորջեսկուի ձերբակալության հրաման են տվել և սկսել են խուզարկել նրա մերձավոր շրջապատի, այդ թվում՝ նրա թիկնապահի տները։

Ջորջեսկուն հարցաքննվում է անցյալ տարի իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված:

POLITICO-ն նշում է, որ դատախազները կասկածում են 27 մարդու Ռումինիայի սահմանադրական կարգի դեմ գործելու, հրահրման, ֆաշիստական ​​կազմակերպություն  նախաձեռնելու և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ, սակայն նրանց հայտարարության մեջ Ջորջեսկուի կամ նրա օգնականների անունները չեն նշվել։

Ջորջեսկուն պնդում է, որ փետրվարի 26-ի առավոտյան իրականացված այս խուզարկությունները նպատակ ունեն արգելափակելու իր թեկնածության առաջադրումը նոր նախագահական ընտրություններում: 

Ռումինիան ներքաշվել է քաղաքական քաոսի մեջ 2024 թ. վերջին, երբ ռուսամետ Ջորջեսկուն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում պետք է պայքարեր ռեֆորմիստ Ելենա Լասկոնիի դեմ: Սակայն Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ դա պատճառաբանելով ընտրությունների արդյունքների վրա ռուսական ազդեցությամբ։ Քաղաքական գործիչը, սակայն, հերքել է Մոսկվայի հետ որևէ հնարավոր կապի առկայությունը։

Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը՝ դրանից երկու շաբաթ անց՝ մայիսի 18-ին: