Սենատոր Մարկո Ռուբիոյի (Ֆլորիդայի նահանգ) հնարավոր նշանակումը պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կնշանակի կոշտ քաղաքականություն Չինաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
«Չինաստանի համար Ռուբիոյի նշանակումը ավելի վատ է, քան [նախկին պետքարտուղար Մայք] Պոմպեոյի կրկնակի նշանակումը»,- հեռուստաալիքին ասել է աղբյուրը։ Ինչպես նշել է CNN-ը, Թրամփի վարչակազմը առաջնահերթությունը կտա «Չինաստանի հանդեպ կոշտ քաղաքականությանը»։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Թրամփի շրջապատը սպասում է, որ նա Ռուբիոյին նշանակի պետքարտուղար։ Նրանց տեղեկություններով՝ չնայած Թրամփը դեռ կարող է փոխել իր որոշումը, նրան լիովին ձեռնտու է այս թեկնածությունը։
53-ամյա Մարկո Ռուբիոն Սենատում է 2011-ից։ Ամերիկյան լրատվամիջոցների կարծիքով՝ Թրամփը նրան դիտարկում էր իր փոխնախագահի պաշտոնում, բայց արդյունքում կանգ առավ Օհայոյից սենատոր Ջեյմս Դեւիդ Վենսի վրա։ Ուկրաինայի հարցում Ռուբիոն կողմ է բանակցություններին, նրա կարծիքով՝ դա թույլ կտա վերջ դնել հակամարտությանը։ Ապրիլին նա 15 հանրապետական սենատորների հետ միասին դեմ քվեարկեց Ուկրաինային, Իսրայելին եւ Թայվանին 95 մլրդ դոլար ռազմական օգնություն տրամադրելուն, բայց արդյունքում օրինագծերի փաթեթը արժանացավ Կոնգրեսի երկու պալատների հավանությանը, եւ այն ստորագրեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։