Ռուբիոն հայտնել է, որ ՌԴ-Ուկրաինա բանակցությո...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկը կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ստամբուլում կայանալիք բանակցություններին։ Լրագրողների հետ նրա հարցուպատասխանը տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Վաղը (խմբ.՝ մայիսի 16-ին) ես կհանդիպեմ (Թուրքիայի) արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ՝ բարձրաստիճան ուկրաինական պատվիրակության հետ, որը կլինի այստեղ։ Մեր թիմից ինչ-որ մեկը կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նրանք այստեղ ավելի ցածր մակարդակի խումբ են ուղարկել», - լրագրողներին ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, որ բանակցություններին կմասնակցեն նաև Թուրքիայի ներկայացուցիչներ։

«Հուսով եմ, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այս բանակցությունները տեղի կունենան մեր թուրք գործընկերների, ինչպես նաև մեր թիմի անդամներից մեկի կամ մեր թիմի անդամների մասնակցությամբ՝ համապատասխան մակարդակով», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ինքը «մեծ ակնկալիքներ» չունի առաջիկա բանակցություններից և հույս է կապում միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հետ։

«Եվ անկեղծ ասած, այս պահին կարծում եմ, որ լիովին պարզ է՝ առաջընթացի հասնելու միակ ճանապարհը նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև բանակցություններն են», - ասել է Պետքարտուղարության ղեկավարը։

Իսկ լրագրողի հարցին, երբ տեղի կունենա երկու ղեկավարների հանդիպումը, Ռուբիոն հիշեցրել է, որ Թրամփը շատ է ցանկանում վերջ դնել պատերազմին և ավելի վաղ ասել էր, որ «շուտով ինչ-որ բան պետք է տեղի ունենա»։

Ուկրաինայի հետ բանակցություններին ռուսական պատվիրակությունը, ինչպես 2022 թվականին, գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։