ԱՄՆ-ում վերջերս տեղի ունեցած տեխնիկական խափանումները միմյանց հետ կապ չունեն և թշնամական օտարերկրյա կառավարությունների հաքերների գործողությունների հետևանք չեն, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք չունենք որևէ ապացույց, որևէ հուշում և առհասարակ որևէ հիմք՝ ենթադրելու, որ այս միջադեպերից որևէ մեկը կապված է մյուսների հետ։ Ըստ էության, Microsoft-ի հետ կապված միջադեպը ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, ինչ տեսանք FAA-ի դեպքում։ FAA-ի հետ կապված միջադեպն էլ ոչ մի առնչություն չունի այն ամենի հետ, ինչ մի քանի օր առաջ տեսանք բանկերի դեպքում», — ասել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ որևէ նշան չկա, թե այս իրադարձությունները «չարագործների ձեռքի գործն են»։
Ռուբիոյի խոսքով՝ թեև տեխնիկական խափանումները կիբերհարձակումների հետևանք չէին, դրանք «ընդգծում են այն իրողությունը, որ մենք այժմ սերտորեն կապված ենք տեխնոլոգիաների հետ, և տեխնոլոգիաներն ազդում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա»։
«Մենք լիովին ընդունում ենք, որ մտահոգիչ է օր օրի տեխնիկական խափանումների մասին այս հաղորդագրությունները տեսնելը։ Մենք դա հասկանում ենք։ Մենք այս հարցերին շատ լուրջ ենք վերաբերվում։ Մենք միշտ զգոն ենք», — հայտարարել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ)՝ գաղտնի տեղեկատվության փոխանցման համար նախատեսված գաղտնագրված կապի ցանցը դադարել է աշխատել։
Անցյալ շաբաթ լայնածավալ խափանումներ էին տեղի ունեցել ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) հեռահաղորդակցության համակարգերում, ինչպես նաև Microsoft Corp.-ի ծառայություններում։



