
Բաքվում դատվում է միջազգային իրավունքը բայց առաջին հերթին դատվում ենք մենք, դատվում է հայ ժողովուրդը և հայ ժողովրդի ազատություններն ու իրավունքները, արժանապատվությունը և ամբողջ Արցախի Հանրապետությունը: Այս մասին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի առջև ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Մեր բացթողումների ու ձախողումների հետևանքով է, որ նրանք այնտեղ են, բայց մենք բոլորս պետք է հիշենք, որ սա առաջին հերթին ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է, որ պետք է ազատենք և պաշտպանենք մեր գերիներին: Տեսնելով, որ վիճակը գնալով ծանրանում է՝ այդ պատճառով բոլոր հնարավոր հարթակներունմ մեր ձայնն ենք բարձրացնում: Օրեր առաջ ՀՀ պատկան մարմինների, ՄԱԿ-ի առջև, իսկ այսօր արդեն՝ Կարմիր Խաչի»,- ասաց նա:
Նա նշեց՝ ակնկալում են, որ Կարմիր խաչն իր բոլոր մեխանիզմները կիրառի, որ օր առաջ մեր գերիները վերադառնան և հատկապես հացադուլի մեջ գտնվող Ռուբնեն Վարդանյանի առողջության զննում իրականացնի, մշտական ուշադրության ներքո պահի նրա առողջությունը, նաև հնարավորինս օգնեն, աջակցեն, համոզեն, որ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը:
«Արդեն 14 օր է, որ նա հյուծվում է և անցնում է անդառնալիության սահմանը: Այո, մենք հասկանում ենք, որ պարոն Վարդանյանը կոնկրետ պատճառներով է հացադուլ հայտարարել, բայց նաև հասկանում ենք, որ այդ պատճառները շատ արագ չեն վերանում, դրա համար մենք կուզենք, որ մեր գերիները, այդ թվում Ռուբեն Վարդանյանը, ողջ- -առողջ մնան բանտում և վերադառնան հայրենիք և այստեղ Կարմիր խաչն ունի անելիք»,- հայտարարեց նա:
Նա նաև նշեց, որ հենց երեկ ադրբեջանական պետական համակարգի լրատվամիջոցը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր խաչին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին և ՄԱԿ-ի փախստականների բարձր հանձնակատարի գրասենյակին՝ դադարեցնելու նրանց գործունեությունն Ադրբեջանում:
«Սա նշանակում է, որ Արցախի ժողովրդի Ցեղասպանությունից, հայրենազրկումից և դա ամբողջովին մարսելուց հետո Ալիևի բռնապետական ռեժիմն անցել է միջազգային հանրությանը մեկուսացնելու գործողություններին: Այսինքն, Ալիևը այլևս ոչ միայն թքում է միջազգային հանրության երեսին, այլ ասում է՝ ես ձեր կարիքը չունեմ, դո՛ւրս իմ երկրից: Սա արվում է, որովհետև նույն միջազգային հանրությունը մարսել է, նույնիսկ թույլատրել է Արցախի ժողովրդի ցեղասպանությունն ու հայրենազրկումը»,- նշեց նա: