Օրերս Ադրբեջանի Հանրապետությունը պաշտոնապես հաստատեց, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գտնվում է իրենց մոտ և մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Վարդանյանին արդեն 4 ամսվա կալանք է տրվել և սպասվում է մինչև 14 տարվա ազատազրկում։
Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես է հաջողվել ադրբեջանցիներին առևանգել Ռուբեն Վարդանյանին։ Նախկին պետնախարարը պատահական մեկը չէ և բավական զգուշավոր է ու դժվար առանց որոշակի երաշխիքների փորձեր անցնել ադրբեջանական անցակետով։
Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ Ռուբեն Վարդանյանին Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ իր և Սամվել Բաբայանի տեղափոխման համար պայմանավորվել են ադրբեջանական կողմի հետ և նրանք կարող ենք հանգիստ անցնել։ Վստահելով Հայաստանի իշխանություններին Վարդանյանը փորձել է անցնել Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետով։ Սպասել է մինչև Բաբայանը անցնի։ Նրա հաջող անցնելուց հետո ինքն է ճամփա ընկել, բայց ադրբեջանցի զինվորականները նրան կանգնեցրել են։
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կադրերից ևս հասկանալի է, որ Վարդանյանին միանգամից չեն ձերբակալում։ Ադրբեջանցի զինվորականները Վարդանյանի մոտից հեռոխոսով խոսում են, ըստ ամենայնի, իրենց վերադասի հետ և միայն դրանից հետո նրան հեռացնում են ապօրինի անցակետից։
Հիմա դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները իրականում բանակցել էին Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխման համար և վերջին պահին ադրբեջանցիներն են խախտել պայմանավորվածությունը, թե՞ ի սկզբանե սա Հայաստանի իշխանությունների կողմից լարված թակարդ է եղել Վարդանյանի համար և ոչ մի պայմանավորվածություն էլ չի եղել։ Այս հարցերին գուցե կարողանա պատասխանել Վարդանյանը, եթե հայտնվի ազատության մեջ։



