Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական գործիչն է լինե...

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն այժմ կալանավորված է, Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և որ նա ցանկանում է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:

Politik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր ուժերի ձևավորմանը, «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը նշում է.«Այն, որ փաստացի ձևավորվում են տարբեր ընդդիմադիր ուժեր, արդեն հստակ է, քանի որ գործող  իշխանությունը և Ազգային Ժողովում հավաքված քաղաքական ուժերը չեն ներկայացրել երկրի զարգացման հստակ օրակարգը տնտեսության, Արցախի հարցի և այլնի վերաբերյալ. այս պարագայում, բնականաբար, պետք է ձևավորվեին արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր»:

Պողոսյանի կարծիքով՝ այս պահին կան նման բազմաթիվ օջախներ, ձևավորվում են տարբեր կուսակցություններ, կայացած կուսակցությունները փոխում են իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավարը հիշեցնում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն.«Հաշվի առնելով Քոչարյանի անցած ուղին՝ որպես պետականամետ գործիչ, ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանն այն քաղաքական գործիչն է լինելու, որը հստակ ուղղորդելու է իշխանության դեմ տեղի ունեցող քաղաքական գործընթացները»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ այսօր արված հայտարարությանը, թե վերջին մեկ տարում Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ և հալածյալներ, ասում է.

«Ես վարչապետ Փաշինյանին չեմ հավատում: Նա բազմիցս խաբել է ժողովրդին այս մեկ տարվա ընթացքում:  Կան արդեն հստակ ընթացակարգեր, որոնք փաստում են, որ հետհեղափոխական Հայաստանում կա քաղաքական հայացքների համար ձերբակալված անձնավորություն՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին խոսել են ռուսական հայտնի լրատվամիջոցներ, բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, ովքեր կարծում են, որ գործը քննվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական ոլորտում: Այս դեպքում, երբ երկրի վարչապետը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնում է, որ քաղբանտարկյալներ չկան, ապա նա ընդամենը շարքային սուտասան է»: