Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «Շնորհավորում եմ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առիթով։

Այսօր այս շնորհավորանքն առանձնահատուկ քաղաքական խորհուրդ ունի։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական ռեպրեսիվ գործընթացը վաղուց դուրս է իրավական վեճի շրջանակներից։

Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր գնահատականներ և անգամ տարաձայնություններ։ Միաժամանակ իրավական ու ժողովրդավարական պետությունում քաղաքական մրցակցությունը չպետք է վերածվի քաղաքական հաշվեհարդարի։ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել քաղաքական հակառակորդների կամ այլախոհների նկատմամբ հետապնդումների ու ազատազրկումների միջոցով։ Ատելության, վրեժխնդրության ու պառակտման ներպետական քաղաքականությունը չի կարող իրական հավելյալ արժեք ստեղծել, իսկ Հայաստանի առջև առկա մարտահրավերները պահանջում են ճիշտ հակառակը:
Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքին մաղթում եմ առողջություն, ուժ և տոկունություն այս դժվարությունը ևս հաղթահարելու համար»։