Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ...

Դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Գայ Ռայդերի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և ՄԱԿ միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել և ամրապնդել փոխգործակցության շրջանակը։

Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների շուրջ։ Կարևորվել է ՄԱԿ կառույցների հետագա արդյունավետ աշխատանքի ապահովումը զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգի համատեքստում։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ կարևորելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես տարածաշրջանում հաստատված խաղաղության պահպանման և ամրապնդման գրավական։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է 2026թ․ Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքներին և ներկայացրել ՀՀ տեսլականը՝ ուղղված ներառական, համագործակցային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ Համաժողովի անցկացմանը։