ՌԴ-ում քրեական գործ են հարուցել Միջազգային քր...

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի, Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի, Ռոզարիո Սալվատորե Այտալայի և Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից:

«2023 թ. փետրվարի 22-ին Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանը քրեական հետաքննության շրջանակներում միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի II Նախաքննական պալատ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին ձերբակալելու հրաման ստանալու համար։ Այս միջնորդության հիման վրա Միջազգային քրեական դատարանի վերոնշյալ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին և ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարին ձերբակալելու անօրինական որոշումներ են կայացրել», - նշված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության՝ քրեական հետապնդումն անօրինական բնույթ է կրում, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան:

ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման հրամանը գործելու է մինչև նրանց կյանքի վերջը: