ՌԴ-ում պահեստազորայինների զորակոչ է հայտարարվ...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում ՌԴ քաղաքացիներին 2024թ․ զինվորական պատրաստության կանչելու մասին։ Այն ստորագրվել է մարտի 1-ին և ուժի մեջ է մտել այդ օրվանից։ 

Ըստ հրամանագրի՝ 2024 թվականին զորակոչի շրջանակում քաղաքացիները կկանչվեն՝ ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերում, պետական անվտանգության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում։ Այլ կերպ ասած, այս պահին զորակոչվող ռեզերվիստներին առաջնագիծ տանելու մասին խոսք չկա:

Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և մարզային իշխանություններին հանձնարարվել է ապահովել ուսումնամարզական հավաքներին քաղաքացիների կանչի և դրանց անցկացման հետ կապված միջոցառումների իրականացումը։ Հրամանագրի հինգ կետերից երկուսը «պաշտոնական օգտագործման համար են»։ 

Երկրի ղեկավարի հրամանագրի հիման վրա պաշտպանության նախարարության զորահավաքային վարչությունը պատրաստում է համապատասխան հրահանգ, որն ուղարկվում է շրջանային զինկոմիսարիատներ։ Միայն դրանից հետո է սկսվում ծանուցագրերի հասցեագրումը ռեզերվում գտնվող քաղաքացիներին:

Պետդուման վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, ովքեր գտնվում են ռեզերվում և զորակոչվել են ռազմական պատրաստության, չեն ուղարկվի հատուկ ռազմական գործողության  գոտի։ Պատգամավոր Անդրեյ Կարտապոլովը պարզաբանել է, որ այս ուսումնամարզական հավաքներում պահեստազորայինները վերապատրաստվում են «նշանակված ժամանակով», որից հետո նրանք «կվերադառնան իրենց ընտանիքներ, իրենց աշխատանքին»։