ՌԴ-ում կրկին հետախուզում է հայտարարվել գործար...

ՌԴ-ում հարուցված նոր քրեական գործի շրջանակում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել։ Ինչպես նշված է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայի քարտում, նա հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայ գործարարի նկատմամբ նոր հետախուզում հայտարարելու որոշումը կայացվել է Սոչիի նախկին քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկիի հետ կապված քրեական գործի շրջանակում: Նախկին քաղաքապետն օրերս երկու ամսով կալանավորվել է յուրացումների գործով։ Նա կասկածվում է 3,7 մլն ռուբլի արժողությամբ երկու հողատարածքների յուրացման համար։ Սակայն Կոպայգորոդսկին չի ընդունում մեղքը։

Մինչդեռ ՌԻԱ «Նովոստի»-ն գրում է, որ հետաքննությունն այժմ պարզում է ՝ արդյոք կալանավորված նախկին քաղաքապետը կապված է հետախուզման մեջ գտնվող Թաթուլյանի հետ: Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ իրենք ստուգում են՝ արդյոք գործարարն ընդհանուր գործերի մեջ է եղել Կոպայգորոդսկիի հետ:

Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել նաև 2023 թվականի նոյեմբերին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրան պատկանող տարածքներում խուզարկություններ էին անցկացվել հողօգտագործման ոլորտում միլիարդավոր դոլարների յուրացումների գործով։ Ամբաստանյալը կարող է խարդախություններ արած լինել Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ։