ՌԴ ՊՆ. Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ և Լաչինի միջանցքով սնունդ ու տարբեր ապրանքներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը:

Խաղաղապահների դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական  պատրաստության գործողություններ և վարժանքներ՝ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու նպատակով:

Բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտորդություն իրականացնելու համար:

Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները հնարավորինս շուտ կառուցել են բլոկ-մոդուլային ավաններ: