Առաջին ընթերցմամբ ընդունվել է օրինագիծ, որն արգելում է ռուսերեն չիմացող ներգաղթյալների երեխաներին դպրոցներ ընդգրկել։ Դրա մասին գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Առաջարկվում է պարտավորեցնել հանրակրթական կազմակերպություններ ընդունվելիս ստուգել Ռուսաստանի տարածքում երեխայի գտնվելու օրինականությունը, ինչպես նաև ռուսաց լեզվի իմացության մակարդակը։
Ընտրովի մոնիտորինգի տվյալներով՝ ուսումնական տարվա սկզբին ներգաղթյալների երեխաների 41%-ը ռուսաց լեզվի իմացության հարցում դժվարություններ է ունեցել։ Որակյալ կրթություն ստանալու և դպրոցական ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար պետք է տիրապետել ռուսաց լեզվին:
Հակառակ դեպքում լեզվին չտիրապետող երեխայի համար սովորելու և սոցիալական ադապտացիայի գործընթացները չափազանց դժվարանում են, և խնդիրներ են առաջանում դասընկերների և ուսուցիչների հետ։
Նախատեսում ենք վաղն ավարտել օրինագծի քննարկումը որպես առաջնահերթություն։
Նրանք, ովքեր գալիս են մեր երկիր, պետք է իմանան ռուսաց լեզուն, հարգեն երկրի մշակույթն ու պատմությունը, խստորեն պահպանեն Ռուսաստանի Դաշնության օրենքները»,-նշել է Վոլոդինը։