
Կրեմլը կարող է օգտագործել զինադադարի առաջարկը, որին համաձայնել է Ուկրաինան, խաղաղ բանակցություններում կանխարգելիչ զիջումներ կորզելու համար։ Մասնավորապես, Պուտինը կփորձի բացառել Ուկրաինային բանակցություններից, որպեսզի բանակցի միայն ԱՄՆ-ի հետ, հայտնել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW): Ռուսական բարձրաստիճան աղբյուրները մարտի 12-ին Reuters գործակալությանը հայտնել են, որ հրադադարի ժամանակավոր համաձայնագիրը պետք է «հաշվի առնի» Ռուսաստանի հաջողությունները մարտի դաշտում եւ «լուծի (Ռուսաստանի) խնդիրները»:Կրեմլի տեսակետին եւ իրավիճակին ծանոթ աղբյուրները Bloomberg պարբերականին հայտնել են, որ Պուտինը «կերկարաձգի» ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունների ժամկետը։ Դա թույլ կտա նրան ապահովել, որ իր պայմանները «հաշվի առնվեն»։ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է պահանջել դադարեցնել զենքի վաճառքն Ուկրաինային՝ որպես պայման ժամանակավոր հրադադարի համաձայնության համար։ Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել՝ արդյո՞ք այս դադարեցումը վերաբերելու է Ուկրաինա զենքի միջազգային բոլոր, թե միայն առանձին երկրների մատակարարումներին: «Հրադադարի ժամանակ Ուկրաինային ԱՄՆ կամ այլ ռազմական օգնության դադարեցումը չափազանց շահավետ կլինի Ռուսաստանի համար, որը շարունակում է կարեւոր մատակարարումներ եւ օգնություն ստանալ Իրանից, Հյուսիսային Կորեայից եւ Չինաստանից։ Նման հսկայական զիջումը կոչնչացնի նաեւ ԱՄՆ ազդեցության լծակները ապագա բանակցություններում, ինչպես նաեւ կխախտի այն պայմանները, որոնցով Ուկրաինան համաձայնել է առաջնահերթ հրադադարին»,- փաստել են ISW-ում։