Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։
«Վեստի» հաղորդմանը տված հարցազրույցում Դանկվերտը նշել է, որ նման քայլը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, ըստ ռուսական կողմի, ամբողջությամբ չի պահպանում Եվրասիական տնտեսական միության պահանջները՝ Եվրամիությունից իր շուկա ապրանքների պարզեցված մուտքի տրամադրման հարցում։
Պաշտոնյան ասել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների ծավալներն ու տեսականին կասկածներ են առաջացնում դրանց իրական ծագման վերաբերյալ։
«Հայաստանը, օրինակ, ծաղիկների մատակարարումները երեք տարվա ընթացքում 36 միլիոն հատից հասցրել է ավելի քան 100 միլիոնի։ Շատ այլ ապրանքների դեպքում ևս նկատվում է նման աճ»,- ասել է Դանկվերտը։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքների պատճառով ռուսական կողմը բուսասանիտարական վերահսկողությունը տեղափոխել է սահմանին մոտ։
Դանկվերտը նաև նշել է, որ հայկական ապրանքների մեջ արձանագրվել է ավելի քան 900 կարանտինային օբյեկտի հայտնաբերում, ինչը պահանջում է լրացուցիչ ախտահանման միջոցառումներ։
Անդրադառնալով կենդանական ծագման արտադրանքին՝ նա ընդգծել է, որ որոշ դեպքերում ապրանքների ծագումը կարող է չհամապատասխանել հայտարարվածին։
«Որպես օրինակ կարող ենք նշել կարագը, պանիրը և իշխան ձուկը։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը չի կարող նման լինել նորվեգականին»,- նշել է պաշտոնյան։



