ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են խա...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են հնարավորինս շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ըստ Մոսկվայի, խանգարում է դրան։ 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«(ԱՄՆ) գործող նախագահը հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության: Ի դեպ, մենք՝ նույնպես և հնարավորինս արագ: Իսկ (Ուկրաինայի) վարչակարգի գործող ղեկավարը կանգնած է այդ նպատակին հասնելու ճանապարհին», - ասել է Պուտինը:

Այսպես է ՌԴ նախագահը մեկնաբանել Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հորդորները։ Պուտինի պնդմամբ՝ բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է չեղարկի երկրում ռազմական դրությունը, իսկ այդ դեպքում պետք է անցկացվեն ընտրություններ։ ՌԴ նախագահի կարծիքով՝ ընտրությունների դեպքում Ուկրաինայի նախագահը վերընտրվելու շանս չունի։

Օրերս Զելենսկին հայտարարել էր, որ կհամաձայներ հրաժարվել նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հանուն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության։