Ռաիսի․ Մենք չպետք է թույլ տանք օտարերկրացիներ...

Մենք չպետք է թույլ տանք, որ օտարերկրացիները փչացնեն Թեհրանի, Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։ Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման եւ առեւտրային հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ համագործակցության մասին, գրում է Mehr-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը խորը եւ վաղեմի կրոնական ու մշակութային հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Մենք չպետք է թույլ տանք, որ օտարերկրյա որոշ շարժումներ փչացնեն այս հարաբերությունները»,- ասել է նա։

ավուշօղլուն, իր հերթին, ընդգծել է, որ իր երկիրը ձգտում է արագացնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ «Թուրքիան Իրանի նոր կառավարությանը համարում է դեպի արդյունքը կողմնորոշված կառավարություն եւ մտադիր է առավելագույնի հասցնել Թեհրանի հետ համագործակցության մակարդակը»։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայունության եւ առեւտրի զարգացման գործում Իրանի համագործակցության եւ մասնակցության կարեւորությանը` նա նշել է. «Մենք ձգտում ենք հաստատել եւ ամրապնդել երկկողմ համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ տարածաշրջանում կայունության եւ առեւտրային հարաբերությունների ամրապնդման համար»։ Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա նաեւ կոչ է արել համագործակցել Իրանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարի եւ տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատելու գործում։

Ռաիսիի խոսքով՝ Իրանի եւ Թուրքիայի միջեւ սերտ հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, երկու երկրները պետք է ավարտին հասցնեն կապերի ամրապնդման ճանապարհային քարտեզի մշակումը: «Երկու երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցությունը պետք է վերածվի միջազգային համագործակցության, եւ նման փոխգործակցությունը կարող է արդյունավետ լինել գլոբալ հավասարումներում՝ հաշվի առնելով երկու երկրների կարեւոր դիրքը… Օտարերկրացիների ներկայությունը ոչինչ չի բերի, բացի տարածաշրջանի երկրների միջեւ անվտանգության ու լարվածության բացակայությունից։ Բացի այդ, Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ներկայությունը չի հանգեցրել ոչնչի, բացի սպանություններից, արյունահեղությունից եւ ավերածություններից, եւ պարզ է դարձել, որ Աֆղանստանի խնդիրները կարող է լուծել երկրի ժողովուրդը՝ իր հարեւանների օգնությամբ: