«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) քրդական կազմավորումների աշխարհազորականները Հալեպի հյուսիս-արևելքում իրականացված գործողության ընթացքում վերականգնել են վերահսկողությունը Եփրատ գետի «Թիշրին» հիդրոհանգուցի նկատմամբ: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Al Jadeed հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թուրքիայի կողմից աջակցվող, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի (ՍԱԲ) բրիգադները նահանջել են իրենց դիրքերից՝ մարտական բախումների հետևանքով կորցնելով 22 մարտիկի։ Քրդական աղբյուրների համաձայն՝ ՍԴՈւ-ի շարքերում զոհվել է երկու աշխարհազորային, երեքը՝ վիրավորվել։
Դեկտեմբերի 25-ին ՍԴՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհադ Շամին հայտարարել է Եփրատ գետի Քարակոզակ կամրջի և «Թիշրին» ամբարտակի մոտ պաշտպանական մարտերից հարձակողական գործողությունների անցնելու՝ քրդերի որոշման մասին։ Դրա արդյունքում ավելի վաղ թուրքամետ ուժերից ազատագրվել են Խոբեք Թուեյնի, Քիշլա, Սայդին և Հաջ Հուսեյն ավանները։
Սիրիայում իշխանափոխությունից հետո Թուրքիայի կողմից աջակցվող ՍԱԲ-ի բրիգադները դեկտեմբերի 9-ին ռազմական գործողություններ են սկսել քրդական ուժերի դեմ Հալեպի հյուսիս-արևելքի Մանբիջի և Այն էլ Արաբի (Քոբանիի) շրջաններում: Դեկտեմբերի 17-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների, հանդես է եկել պնդմամբ, թե Թուրքիան ուժեր է կուտակում Սիրիայի հետ սահմանի երկայնքով և պատրաստվում է լայնածավալ ներխուժման։
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, որ Բաշար ալ-Ասադի կառավարության անկումից հետո կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել իշխանության եկած ընդդիմության մաս կազմող թուրքամետ կազմավորումների և քրդական ուժերի միջև: