Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է ՀՀ պետական...

Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն՝ հայտնում են նախագահի աշխատակազմից։

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը:

Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Հայաստանի և Իտալիայի նախագահները կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան կրել են երկու երկրների բարձրագույն պետական պարգևների՝ Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանի և Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանի շերտաձողիկները: Այդ պարգևներին նրանք արժանացել էին 2018թ. երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: