Առաջին դեպքով ապօրինի արդյունահանման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը ստացել էին Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Ըստ տեղեկության՝ Երևանի բնակիչ 53-ամյա մի տղամարդ, Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող մոտ երկու հեկտար տարածքում ջրավազան և պոմպակայան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության, այս տարվա հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն այս ընթացքում ապօրինի արդյունահանել է շուրջ 2200 խորանարդ մետր ավազակոպճային հանույթ, որն օգտագործվել է Վանանդ գյուղի վարչական տարածքում կատարված ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում։
Ըստ նախնական տվյալների՝ պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 2,2 միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Նման մի տեղեկություն էլ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հուլիսի 21-ին։
Ըստ փաստական տվյալների՝ իրար փոխկապակցված սահմանափակ պատասխանատվությամբ երկու ընկերություն Արգավանդ գյուղի վարչական տարածքում գտնվող ավելի քան յոթ հեկտարի վրա, խախտելով ընդերքօգտագործման պահանջները, իրականացրել են ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում, խառնուրդը տեղափոխել Եղեգնուտում գործող ավազի լվացման կայան և մշակելուց հետո՝ իրացրել։
Ստուգման ընթացքում ապօրինի հանքարդյունահանման տարածքում հայտնաբերվել են շինտեխնիկա և հանույթով բարձած բեռնատարներ։
Ըստ նախնական տվյալների՝ պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս։
Այս դեպքով ևս կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։



